
Մեր մասնակցությունը ապագա սերունդների կրթության և զարգացման գործում։ Իմ մենթորության ուղին ՔՈԱՖ-ի և Մատենա-ի հետ:
Confido Advisory ընկերության ռազմավարության կարևոր մաս է կազմում Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվությունը։ Խթանելով ապագա սերնդի կրթական զարգացումը՝ մեր համահիմնադիր Մարինե Միրիջանյանը վերջերս մասնակցեց մենթորության ծրագրի և այսօր մեզ հետ կիսվում է իր փորձառությամբ։
«Մենթորությունը միայն գիտելիքների փոխանցում չէ, այն ինչ-որ մեկի կողքին լինելն է, երբ նա ձևավորում է իր աշխատանքային ուղին։ Աջակցել և քաջալերել նրան, երբ դրա կարիքը կա»։ -Մարինե Միրիջանյան
-Վերջերս ես հնարավորություն ունեցա մասնակցել մենթորության ծրագրի, որը կազմակերպել էր ՔՈԱՖ-ը՝ Մատենա շրջանավարտների ակումբի և MentorcliQ-ի հետ համագործակցությամբ: Մասնակցելով այս ծրագրին՝ ցանկացա իմ փորձով ու գիտելիքներով աջակցել ՔՈԱՖ շրջանավարտներին՝ ուղղորդելով նրանց կարիերայի հաջորդ կարևոր քայլերը կատարելու փուլում։

ՔՈԱՖ-ի կրթաթոշակների և կարիերայի զարգացման այս ծրագրի նպատակն էր խթանել կրթաթոշակառուների մասնագիտական և անձնային աճը՝ կապելով նրանց աշխատանքային հարուստ փորձ ունեցող մասնագետների հետ։ Մեծ պատիվ էր ինձ համար լինել այդ մենթորներից մեկը։
Որպես Confido Advisory-ի համահիմնադիր, ես իմ օրինակով գիտեմ, թե որքան դժվար է գտնել քո ճանապարհը, երբ չունես մենթոր։ Ես ստիպված էի ամեն ինչ միայնակ որոշել՝ որտեղից սկսել, ինչ անել… Շատ դժվար էր։ Հենց այդ պատճառով, երբ լսեցի այս ծրագրի մասին, առանց վարանելու միացա։
Մենթորության այս 6 ամիսները ինձ հետ կիսեցին ✨Անի Մկրտչյանը՝ ապագա իրավաբան Դալարիկ գյուղից, և ✨Ռիտա Մարտիրոսյանը՝ ապագա մարքեթոլոգ Հոռոմ գյուղից։



Կենտրոնանալով աղջիկների անձնական և մասնագիտական զարգացման վրա՝ կատարեցինք SWOT վերլուծություն իրենց ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար, սահմանեցինք իրենց SMART նպատակները՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Ուսումնասիրեցինք մասնագիտական կարևոր գործիքներ, ինչպես նաև ծանոթացանք հարցազրույցների արդյունավետ տեխնիկաներին։ Այս ամենը կօգնի նրանց վստահությամբ անցնել աշխատանքի ընդունման բոլոր փուլերը։
Այցելեցի նաև աղջիկների բնակավայրերը՝ Դալարիկ և Հոռոմ։ Այցելությունները ինձ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ մասնագիտական զարգացման հնարավորությունները և մարտահրավերները մարզերում։ Այդ ընթացքում մենք կազմակերպեցինք համայնքային նախագիծ գյուղի դպրոցի աշակերտների համար՝ նպատակ ունենալով ոգեշնչել և զինել երիտասարդ սերնդին կարիերայի ուղիների և անձնական աճի մասին գիտելիքներով։



Այս փորձառությունը շատ արդյունավետ և նպատակային էր ինձ համար, քանի որ զգացի այն ներուժն ու վճռականությունը, որ կրում է մեր երիտասարդ սերունդը։ Աղջիկների ձգտումը՝ անընդհատ կրթվել և նոր գիտելիքներ ստանալ, անգնահատելի էր։ Վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կդառնա իր ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։
Շնորհակալ եմ ՔՈԱՖ-ին, Մատենային և MentorcliQ-ին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար։
👉Իսկ դուք մենթոր ունեցե՞լ եք։ Կամ եղել եք այն մենթորը, ով ազդեցություն է ունեցել ինչ-որ մեկի կամ մի քանիսի կյանքում և կարիերայում: Եթե այո, ապա կարո՞ղ եք կիսվել ձեր փորձառությամբ։
Related Posts

+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն