
Անցում աշխատանքային պայմանագրերի թվայնացման
0
13
Հակիրճ
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է Գլուխ 13.1-ով՝ «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը» վերտառությամբ: Աշխատանքային օրենսդրության նոր փոփոխությունները նախատեսում են ոչ միայն նոր աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման թվայնացում, այլև տարածվում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի և դրանց կից համաձայնագրերի վրա: Այս համապարփակ մոտեցումը նախատեսում է, որ ինչպես ընթացիկ, այնպես էլ նախկին աշխատանքային պայմանագրերը ենթարկվեն թվայնացման:
Մանրամասն
ՀՀ Ազգային ժողովի կողմից 04.12.2024թ. ընդունված ՀՕ-525-Ն օրենքով կարգավորում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը: Համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով:
Փուլ 1. 2025 թվականի հուլիսի 1-ից թվային համակարգը կլինի կամավորության սկզբունքով՝ հնարավորություն տալով անհատներին և գործատուներին ստորագրել աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային եղանակով:
Փուլ 2. 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի թվայնացումը կդառնա պարտադիր: Այդուհետ բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է ստորագրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը պահանջում է էլեկտրոնային ստորագրության օգտագործում պայմանագրի երկու կողմերի համար:
Այս անցումը նպատակ ունի պարզեցնել աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը և ապահովել աշխատաշուկայում ավելի մեծ արդյունավետություն և անվտանգություն:
Նոր թվային համակարգը մշակվելու է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից և նախատեսվում է ինտեգրել հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգերի հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել վարչական բեռը և բարելավել տվյալների ճշգրտությունը համակարգերում:
Տեսչական և հարկային մարմինները տվյալներին հասանելիություն կունենան աշխատանքային պայմանագրերի ստուգման և հարկային հսկողության համար, իսկ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ միայն օտարերկրյա աշխատողների տվյալներին՝ ներգաղթի հետ կապված վարչական գործընթացները և աշխատանքային օրենսդրությանը համապատասխանությունը ապահովելու համար:
Աշխատանքային պայմանագիրը աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով՝ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ։ Կարևոր է նշել, որ մինչև 16 տարեկան աշխատողների համար աշխատանքային պայմանագրերը կարող են ստորագրել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները, ովքեր նույնպես պետք է օգտագործեն էլեկտրոնային ստորագրություն:
Որքանով այս փոփոխությունները կլինեն արդյունավետ և ուղղված իրական նպատակին՝ ցույց կտա ժամանակը: Մինչդեռ մի բան հստակ է՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է մեկ օր շուտ ձեռք բերի էլեկտրոնային ստորագրություն, իսկ յուրաքանչյուր գործատու՝ զինվի անհրաժեշտ գործիքներով և համակարգերով` փոփոխություններին պատրաստ լինելու համար:
Related Posts

+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն